Ո՞վ է ներկա հայ գործարարը, ո՞վ է նա, որ, ի հեճուկս ծանր և հաճախ էլ ոչ այնքան քաղաքակիրթ պայմանների, այնուամենայնվ, գործում է, նպաստում է երկրի շենացմանը, սկզբունքորեն Հայաստանը համարելով իր համար ապրելու և աշխատելու միակ նպատակավայր այս անծայրածիր աշխարհում։ Հիշյալ հարցերը այսուհետ կքննարկվեն «Իրատեսի» նոր՝ «...և ոչ միայն տնտեսության մասին» խորագրի ներքո։
Առաջին հյուրս «Ռիմա Թրավել» զբոսաշրջային գործակալության նախագահ և հիմնադիր ՌԻՄԱ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ է։
«ԱՌԿԱ ԷՐ ՆԱԽԱԽՆԱՄՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱԶՈՐ ՁԵՌՔԸ»
-Տիկին Խաչատրյան, Ձեր ներկա գործի ընտրությունը պատահականությա՞ն արդյունք էր, օրինաչափությա՞ն, թե՞ նախախնամության ձեռքը, այնուամենայնիվ, կար։
-Մասնագիտությամբ ես տեխնոլոգ եմ, մոդելավորող-դիզայներ, բնականաբար, հեռու տուրիզմից և այս բնագավառին հատուկ օրինաչափություններից։ Այսօր հետադարձ հայացքով հասկանում եմ, որ ճիշտ եք, առկա էր նախախնամության ամենազոր վերահսկողությունը։ Ամեն բան այսպես սկսվեց. տասնյոթ տարեկանում Հայաստանի ճամբարներից մեկում ջոկատավար էի և նշանակվեցի ջոկխորհրդի նախագահ։
-Ինչո՞ւ հենց Դուք նշանակվեցիք։
-Ես մի ծրագիր էի մշակել, որով դպրոցական-ճամբարականները յուրաքանչյուր շաբաթ պետք է այցելեին մի տեսարժան վայր։ Կազմել էի հատուկ փաթեթ, որը ներառում էր այցելություն, ասենք, դեպի Տաթևի վանք։ Փաթեթի շրջանակում մեզ միանում էին երաժիշտ եղբայրս իր երաժիշտ ընկերներով և որևէ տեղ կայանելով ու զբոսաշրջային մեր հետաքրքրությունները բավարարելով, համերգ էինք կազմակերպում, որոնց հաճախ մասնակցում էին դրսից ժամանած զբոսաշրջիկները։ Ժամանակի ընթացքում ավելի ու ավելի էի մտորում սեփական գործակալություն ունենալու մասին։ ՈՒնեցա։ Այսօր «Ռիմա Թրավելը» 18 տարեկան է և, փառք Աստծո, գործում ենք և առաջ ենք ընթանում։
-Ձեր հրատարակած «Տուրիզմ» ամսագիրն ուշագրավ նշանաբան ուներ. «Հայաստանը ներկայացնել աշխարհին, աշխարհը Հայաստանին»։
-Տուրիզմի բնագավառը զարգանում է, մենք անում ենք հնարավորը, նաև ամսագրի օգնությամբ, որ աշխարհը ճանաչի Հայաստանը, Հայաստանն էլ ճանաչի աշխարհը։ Սակայն ներհայաստանյան իրականությունը մեզ համար առաջնահերթություն է, սոցիալական փաթեթների ծրագրով բազմաթիվ շահառուներ, ովքեր տարիներ շարունակ մեկ օր անգամ չէին հանգստացել, կարողացան կառավարության միջոցների հաշվին, սկսած 2012-ից, լիարժեք հանգստանալ Հայաստանի հանգստյան տներում։ Վերադառնամ ամսագրին. սկսել ենք հրատարակել 2004-ից, այն վերլուծական-գովազդային բնույթ ունի, և նրա գոյությունն արդարացված է, բայց ոչ թե ֆինանսական, այլ մեր հիմնական նպատակների կենսագործման տեսանկյունից։
«ԽՈՐՀՈՒՐԴ ՉԷԻ ՏԱ ՑԱԾՐ ԳԻՆԸ ՀԱՄԱՐԵԼ ԱՊԱՀՈՎ ՀԱՆԳՍՏԻ ԳՐԱՎԱԿԱՆ»
-Ձեր ընկերությունը և Դուք բավականին բաց եք հանրության առջև, սովորաբար չեք խուսափում հարցազրույցներից, գովազդերից և այլն։ Ի՞նչ ենթատեքստեր կան։
-Շնորհակալ եմ Ձեր ուշադրության համար։ Այո, սովորաբար որոշ, խնայված գումարների հաշվին գովազդում ենք մեր գործունեությունը, որպեսզի գովազդային գործակալությունները ևս որոշակի գումարներ վաստակեն, զարգանան և կայուն գործունեություն ապահովեն։ Զուտ գովազդային ակնկալիքներ մենք չունենք, մեր գործունեությունը խրախուսվում է վստահության և ապահովության վրա, մենք այս և այն հաճախորդին լիարժեք բավարարել ենք, նա իր շրջապատում է խորհուրդ տալիս օգտվել «Ռիմա Թրավել»-ի ծառայություններից։ Ավելին, գովազդը երբեմն խանգարում է, հաճախանում են զանգերը, որոնք խլում են մեր շատ թանկ աշխատաժամանակը։
-Շուկան ինչպե՞ս է անդրադառնում «Ռիմա Թրավել»-ին։
-2014-ին Համազգային վստահության խորհրդի կողմից արժանացանք «Տարվա լավագույն վարկանիշ ունեցող» տուրիստական գործակալության մրցանակին։ Սա, իհարկե, գնահատական է և հաճելի գնահատական։
-Որքա՞ն է հանրապետությունում տուրիստական գործակալությունների քանակը։
-Շա՜տ: «Տուրիզմ» ամսագրում մի խորագիր ունեինք. «Անիում կար հազար ու մի եկեղեցի, Հայաստանում կա հազար ու մի գործակալություն»։
-Սա դրակա՞ն երևույթ է։
-Ե՛վ այո, և՛ ոչ։ Գիտեք, նախ՝ տուրիստական գործակալություն հիմնելը դեռ շատ քիչ է։ Այս բնագավառը լուրջ մասնագիտացում է պահանջում, երկարատև, հետևողական աշխատանք։ Գործակալության ներկայացուցիչը պիտի բավականին տեղեկացված լինի, երկրի պատմությունից մինչև առաջարկվող հյուրանոցային ծառայությունները։ Նաև քաջատեղյակ լինի արտագնա տուրիզմի օրինաչափություններին և նրբություններին։ Այստեղ շատ կարևոր է վստահությունը, շատ կարևոր է տուրիստական գործակալության անաղարտությունը։ Տեսեք, դիցուք Դուք դիմում եք Ձեզ անծանոթ մի գործակալության, Ձեզ հրապուրում է նրա թվացյալ շահեկան առաջարկը, հասնում եք ասենք Եգիպտոս, սակայն այնտեղ հանգստանալու փոխարեն տառապում եք, կորցնում ժամանակը և առողջությունը։ Ընդ որում, վճարելով պատկառելի գումար։ Եվ, խնդրեմ, վերադառնալով հայրենիք, տեսնում եք գործակալության փակ դռները, այն սնանկացել է կամ էլ պարզապես անհետացել է։ Հաճախ, ցավոք, ոմանք գայթակղվում են գումարի մատչելիությամբ։ Խորհուրդ չէի տա ցածր գինը համարել լավ հանգստի կամ ապահով ուղևորության երաշխիք։
«ՊԱՏԱՀԱԿԱՆ ՄԵԿԸ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ԵՐԿԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ»
-Տուրիզմի բնագավառում ո՞ւմ աշխատանքն եք հատկապես կարևորում։
-Շատ կարևոր է բարձրակարգ, լիցենզավորված վարորդների և զբոսավարների առկայությունը, չէ՞ որ նրանք երկիր են ներկայացնում։ Երկիր այցելող զբոսաշրջիկն առաջին տպավորությունը ստանում է օդանավակայանում, երկրորդն արդեն գիդից։ Մենք բավականին ջանքեր ենք գործադրում, որ այս բնագավառը վերահսկվի պետականորեն, պատահական մեկն իրավունք չունի երկիր ներկայացնելու։ Անորակ ծառայությունները, ի վերջո, հեղինակազրկում են տվյալ երկիրը, բնականաբար նվազում է երկիր այցելողների քանակը, չէ՞ որ յուրաքանչյուր տուրիստ հայրենիք վերադառնալով ակամա դառնում է այցելած երկրի հանրահռչակողը թե՛ դրական, թե՛ բացասական կողմից։
-Ո՞ր ուղղությունն եք այսօր փորձում զարգացնել, տուրիզմը շատ բազմուղի ոլորտ է։
-Անշուշտ, և մենք աշխատում ենք մասնավորապես մշակութային տուրիզմի զարգացման վրա, հյուրանոցներում կազմակերպում ենք համերգներ և հանդեսներ առաջնակարգ երգիչ-երգչուհիների և դերասանների մասնակցությամբ։ Սա մեր բնակչի համար է, նրա հանգիստը պիտի առավել բովանդակալից լինի, ինչո՞ւ նա պիտի մեկնի Անթալիա, երբ կարող է հենց այստեղ նույն հանգիստը վայելել։ Եվ գումարը թողնել հանրապետությունում։
-Տիկին Խաչատրյան, Անթալիան գայթակղիչ է, գտնվում է սահմանից դուրս, հեռուներում։
-Համաձայն եմ, բայց նաև վստահեցնում եմ, որ շատերն անծանոթ են Հայաստանի տեսարժան վայրերին։
Մենք շատ բան կարող ենք յուրովի ներկայացնել ողջ կյանքը Հայաստանում ապրած, բայց ըստ էության նրան անծանոթ մարդկանց։ Յուրաքանչյուրի նախասիրությունը, իհարկե, հաշվի առնելով։ Ոմանց անհրաժեշտ է ակտիվ հանգիստը, ոմանց հակառակը։ Արտասահմանից այցելողները նախ ժամանց են նախընտրում, ուշագրավ վայրեր, նորություններ, բարձրակարգ ծառայություններ և յուրօրինակ խոհանոց։ Անշուշտ, ոմանց մեր ազգային մշակույթն է հետաքրքրում, խնդրեմ, և՛ Մատենադարան ենք ուղեկցում, և՛ պատկերասրահներ, և՛ թանգարաններ։
«ՇԱՀՈՒՅԹԻ ՆՊԱՏԱԿ, ԻՀԱՐԿԵ, ՀԵՏԱՊՆԴՈՒՄ ԵՄ, ԲԱՅՑ ԴԱ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՉԷ»
-Լավ, ինքներդ ազատ ժամանակն ինչպե՞ս եք տնօրինում, չէ՞ որ կան նաև ընտանեկան հոգսեր։
-Անպատճառ, ցանկացած գնով ժամանակ գտնում եմ ընտանիքիս համար։ Բայց ամաչում եմ խոստովանել, թե երբ եմ կարդացել վերջին գիրքը, նախընտրած գրքերս հավանաբար ինձնից խռովել են։ Բայց հուսամ, կգա ընթերցելուս ժամանակը։ Այս իմաստով համացանցը օգնության է հասնում։ Երբեմն ժամանակ եմ կորզում թատրոն այցելելու համար։ Բազմազբաղությունս թող չզարմացնի, գործակալությունից բացի, զբաղվում ենք նաև ֆիլմերի արտադրությամբ։ Նախ նկարահանեցինք «Հայը Չեզենայում», որը ֆիլմ է հայ քանդակագործի մասին։ Երկրորդը ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ֆիլմ էր՝ «Իմ փոքրիկ Իշխանը»։ Ֆիլմերը նկարահանել ենք կինոռեժիսոր Արմեն Մկրտչյան-Ռոնովի հետ, Մարսելում։ Դարձյալ Արմեն Մկրտչյան-Ռոնովի հետ նկարահանել ենք հանրահայտ «Քաջ Նազարը», դեմիրճյանական ոճով, գլխավոր դերում հանդես է գալիս Ռաֆայել Քոթանջյանը։ Շուտով այն կհանձնվի հանդիսատեսի դատին։ Ինքս այս ֆիլմերի պրոդյուսերն եմ։ Էլ որտեղի՞ց գտնեմ գիրք կարդալու ժամանակ։
-«Վան» ստուդիան ինչո՞վ է զբաղվում։
-«Վանը» ստեղծվել է ևս մեկ բնագավառում որակյալ աշխատատեղեր ձևավորելու նպատակով։ Շահույթի նպատակ, իհարկե, հետապնդում եմ, բայց ոչ այսօր, և դա, հավատացնում եմ, առաջնային չէ։ ՈՒնենք պատանի լրագրողների դպրոց, ուսուցանում ենք հեռուստատեսային մասնագիտությունները, նրանցից լավագույնները շուտով հանդես կգան «Մանկական օրագիր» ծրագրում։ Այն շուտով կհեռարձակվի հանրապետության հեռուստաընկերություններից մեկով։ «Վանը» վերջերս նկարահանեց Արա Գևորգյանի «Սև ապրիլ» տեսահոլովակը, որը մեծ ընդունելություն է գտել։ Շուրջ մեկ տարի ստեղծագործական խումբն աշխատում էր այդ տեսահոլովակի պատրաստման վրա։
-Վերջին հարցս՝ գործարար կին Ռիմա Խաչատրյանը տանը ճաշ եփո՞ւմ է։
-Դեպքից դեպք։ Դրանով ավելի շատ զբաղվում է մեր տնտեսուհին, տիկին Գոհարը։ Ինքս լավ եմ պատրաստում տոլմա և «Գառնի յարախ»։ Չնայած ամենասիրելի կերակուրս ավանդական թանապուրն է։
Հարցազրույցը՝
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ